April 30, 2020

Երևի սա այն ամենն է ինչ կարող եմ ասել

Տարբերություն

Սկզբում բոլորն ապրում էին առանձին, ապա, կյանքի ինչ-ինչ պայմաններից ելնելով, մարդիկ սկսեցին ապրել զույգերով, ապա խմբերով. բոլորը տարբեր էին իրենց թե տեսքով, թե ունակություններով և թե գաղափարներով և հենց դրանում էր կայանում առավելությունը: Մարդիկ զարգացել են, քանի որ եղել են տարբեր, տարբեր մտքերի բախումը, տարբեր գաղափարաները նպաստել են մարդկային մտքի զարգացմանը: Տարբերությունը մեզ ստիպում է սովորել, կրթվել, զարգանալ, մեր գաղափարներով կիսվել մյուսների հետ, կիսվել մեր գիտելիքներով և ներդրում ունենալ մարդկային զարգացման մեջ: Սակայն ինչ որ պահի մենք սկսեցինք վախենալ տարբերությունից, մարդիկ սկսեցին վախենալ տարբերվելուց: Դա ծնեց պատերազմներ, ատելություն:

Մարդկային գյուտերը միտված են եղել էվոլյուցիային, իսկ էվոլյուցիան պետք է ծառայի բարուն, մարդկանց կյանքին և բարօրությանը: Այդպես էլ կար, մարդկանց կյանքը բարելավվում էր, բայց երբ մենք սկսեցինք վախենալ տարբերություններից, սկսեցինք հրաժարվել մարդկային կապերից, մեր գյուտերը սկսեցին գործել բարօրության, մարդկային կյանքի և էվոլյուցիայի դեմ: Մարդիկ դարձան եսակենտրոն, իսկ երբ մարդը եսակենտրոն է, նա ունի մի նպատակ՝ իր կյանքի պաշտպանությանը և բարելավմանն ուղղված և այդ նպատակների ճանապարհին շատ հաճախ վնասում են կյանքի մյուս տեսակներին:

Մենք կարիք ունենք վերանայելու մեր կյանքը, մեր նպատակները, հասկանալ, թե ուր ենք գնում, որն է մեր նպատակը, արդյո՞ք այն նպատակները, որոնք մենք ունենք, նպաստում են կյանքին, և ի՞նչ անենք, որպեսզի նպաստենք մարդկային կյանքին: Սրանք հարցեր են, որոնք մենք մեզ պետք է տանք ամեն օր և փորձենք օր առաջ իրականացնել դա:

Երբ մենք սովորեցնում ենք ատել և վախենալ մեզ շրջապատող մարդկանցից, երբ սովորեցնում ենք, որ ինչ-որ մեկը լիարժեք չէ՝ իր մաշկի գույնի, հավատքի, քաղաքական հայացքների պատճառով և հավաստիացնում ենք, որ ով նման չէ մեզ, իրենից վտանգ է ներկայացնում մեր ազատությանը, աշխատանքին, ընտանիքին, տանը, դա նշանակում է՝ մենք մեզ շրջապատողներին չենք ընդունում որպես մարդու, այլ՝ արարածների, որոնց պետք է ենթարկեցնել ու ծառայեցնել մեր շահերի համար և սրա արդյուքնում մենք մեզ շրջապատողներին չենք ընկալում որպես բարեկամների, հարազատների կամ գործընկերների, այլ ընկալում ենք որպես թշնամիների: Վերջին շրջանում մենք միայն մի բան ենք սովորել՝ հեռու մնալ իրարից և հարցերը լուծել ֆիզիկական ուժի միջոցով:

Երկիր մոլորակի վրա մեր կյանքը կարճատև է, իսկ մեր անելիքները շատ մեծ են և չի կարելի թույլ տալ, որ տարակարծության պատճառով մարդիկ ատեն իրար: