November 16, 2022

📜ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ

Դիմադրենք սատանային և աշխատենք ճանաչել նրա դավերը։

Նա, ով ծանոթ է սատանայի խարդավանքներին, նենգություններին և խորամանկություններին, պարտավոր է մյուսներին էլ զգուշացնել այդ մասին։

Երբ մենք ընդհանրապես մերժում ենք դևերի կորուսիչ ներշնչումները, այնժամ նրանք թողնում են մեզ և էլ չեն համարձակվում մոտենալ: Չար ոգիները գիտեն, որ երբ Աստված թույլ է տալիս փորձել Իրեն նվիրված մարդկանց, հենց այդ մարդկանց միջոցով էլ իրենց համար մեծ պատիժ է պատրաստում:

Ամեն ջանք թափիր, որպեսզի հեռանաս այն մարդկանցից, որոնք օտար հայացքներ և խորհուրդներ ունեն:

Ես գիտեմ ոմանց, որոնք բազում ջանքերից հետո շեղվել են ճանապարհից և մտավոր խանգարում ստացել, որովհետև իրենց հույսը դրել էին իրենց իսկ գործերի վրա՝ համարելով, որ դրանք աստվածահաճո բնույթ են կրում, դրանով և խեղաթյուրել են Նրա Պատվիրանը, Ով ասաց. «Հարցրո՛ւ քո հայրերին, և քեզ կպատմեն, քո ծերերին՝ և նրանք քեզ կասեն» (Բ Օր. 32:7):

Արիությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ անտեսանելի թշնամիների հակառակության ժամանակ ճշմարտության մեջ մնալը:

Ջանք մի՛ գործադրիր ճակատագրի մասին Աստծո գաղտնիքների մեջ խորանալու, այդ բանը չեն համարձակվել անել նաև Սուրբերը: Մենք տգետ ենք, որպեսզի մեր կարծիքն ունենանք Աստծո Անհաս Դատաստանների մասին:

Ատի՛ր այն ամենը, ինչը վնասակար է հոգուդ:

Ով չի ձգտում իմանալ, թե ինչպես պետք է խուսափել թշնամու ցանցերից, նա կընկնի նրանց մեջ և էլ երբեք չի ազատվի նրանցից: Նույնիսկ մեռնելիս՝ հոգեվարքի մեջ լինելով, պետք է իմանալ թշնամու խորամանկությունները և զգոն լինել։

«Հոգևոր պատերազմ» գրքից


____
Օգտագործված է Թորոս Ռոսլինի մանրանկարչությունը, 13-րդ դար։

Շնորհակալություն Սրբապատկերի հեղինակին: