February 10, 2021

Ինչպես 7 մահացու մեղքերը բերեցին նրան որ…..

Մարդու սխալը հետևանքներ է առաջացնում անձնապես իր համար, իսկ բազմաթիվ մարդկանց զանգվածային սխալները կարող են ծանր հետեւանքներ առաջացնել ամբողջ հասարակության համար։ Մենք կխոսենք երկրորդի մասին և մասնավորապես հայկական հասարակության մասին։

Չնայած ներկայումս կրոնը չունի այն կարգավիճակ ինչ որ միջնադարում և մարդիկ փոխել են իրենց վերաբերմունքը նախկինում դոգմատիկ համարվող շատ դրույթների վերաբերյալ բայց միևնույն է 7 մահացու մեղքերը եկեղեցու կողմից վերհանված մարդկային էության վատ կողմերնեն և չընդունել այդ փաստը անհնար է (արդարադատության համար հարկավոր է նշել որ 7 մահացու մեղքերի գաղափարը բնորոշ է կաթոլիկ եկեղեցուն և հայ առաքելական եկեղեցին շատ չի անդրադարձել դրան)։

Ստորև կնշենք մեղքերը և դրանց արտացոլումը մեր հասարակությունում։

1.Որկրամոլություն

Որկրամոլությունը կերակրի նկատմամբ անսահման հակումն է, երբ մարդ այլևս չի հասկանում և չի զգում իր բավարարվածությունը, իր կուշտ լինելը: Որպես վառ օրինակ կարելի է բերել ժողովրդի «ընտրյալի» տեսախցիկներ առջև դրսևորվող վարքագիծը սննդամթերքի ցուցահանդեսներին և տարբեր փառատոններին ոչ միայն ուտելիքի նկատմամբ այլև ալկոհոլի: Ազգային չտեսության տիպիկ մարմնացում նա է։ Ուտելիքը ֆետիշացրած հասարակությունը որը ցանկացած առիթ (թե լավ թե վատ) ավարտում է ուտելով չի կարող որկրամոլ չլինել:

2.Բարկություն

Այստեղ մենք գերազանցել ենք եկեղեցու տված սահմանը և բարկության տեղը ավելի ճիշտ կլիներ ասել չարություն: Այո հասարակության մեջ փոխադարձ չարություն է: Դրան նոր զարկ տվեց «ընտրյալներ»-ի կողմից ներքին թշնամիների փնտրումները որը համազգային ներքին չարություն գեներացրեց` ստիպելով մարդկանց ատել միմյանց։ Արդարադատության համար պետք է նշել որ հենց հասարակության կողմից որոշ մարդիկ դարձան «ընտրյալ» և դրա համար էլ նրանք ավելի ուժեղ թափ փորձեցին հաղորդել բարկության և դարձրին չարություն։

3.Ագահություն

Բնական է, երբ մարդը ցանկանում է աշխատել, դրամ ունենալ, ընտանիք պահել, գեղեցիկ իր ձեռք բերել: Բայց պատվիրանն ասում՝ աչք մի ունեցիր քո ընկերոջ, քո հարևանի ունեցածքի վրա։ Ագահությունը և որկրամոլությունը անխզելիորեն կապված են` մեկը առանց մյուսի անհնար է։ Ագահությունը որպես համատարած երևույթ առաջ քաշեցին իշխանավորները տասնյակ տարիների ընթացքում և չկարողացան կանգնել։ Իսկ հասարակությանը մեկ այլ մեղքը` նախանձը ստիպեց դառնալ իրենց պես ագահ և այսպիսով ագահությունը տիրեց ամենուր հետ մղելով մարդու ժուժկալ լինելու գաղափարը և ժուժկալությունը դարձնելով գոյություն չունեցող մի բառ: Ագահությունը բերեց նրան որ մեկը մյուսի պատառն է ուզում։ Եվ ամենուր տիրում է իմ ու քոնի պայքար և ատելությունը։

4.Նախանձ

Մեր հասարակություն նախանձի խորության հարցում անմրցելի է։ Մեր հասարակության նախանձի վտանգը նրանում է որ այն զուգորդվում է ատելությամբ։ Բթամիտը նախանձում և ատում է խելոքին, աղքատը նախանձում և ատում է հարուստին, տգեղը նախանձում և ատում է գեղեցիկին և այլն։ Մեր մոտ այնքան է խորացել այս ամենը որ գոյություն ունի հակառակ ուղղությամբ ընթացք բայց առանց նախանձի` միայն ատելությամբ: Խելացին ատում է անխելքին, հարուստը` աղքատին, գեղեցիկը` տգեղին։ Նորից համատարած ատելություն։

5.Հպարտություն

«Հպարտ քաղաքացի»։ Այս արտահայտությունը չպետք էր այդքան հետևանքներ ունենար, բայց մարդիկ հավատացին որ իրենք պետք է լինեն «հպարտ»։ Չակերտավոր հպարտությունը մարդուն ստիպեց հիանալ իրենով և չձգտել նորին ու ավելիին, քանի որ առանց այդ էլ իրեն «հպարտ» էր զգում։ Տգետը հպարտացավ իր տգիտությամբ, անբարոյականը իր անբարոյականությամբ։ Իսկ իրենց հպարտ լինելը չընդունող այլ մարդկանց ատում են, ամբողջ էությամբ ատում։ Կրկին ատելություն։

6.Ծուլություն

Ծույլությանը բնորոշ է չգործելու և ակնկալելու հատկանիշը։ Ծույլը չի անում ոչ մի բան բայց ակնկալում է որ ուրիշները պարտավոր են իր հանդեպ կատարել պարտավորությունները և ոչ միայն։ Նա սպասում է անհատույց օգուտների և իր չարացածի մեջ մեղադրում ուրիշներին և ատում նրանց (ցավոք սրտի մեր հասարակության մեծամասնությունը)։ Ատելությունը կրկին առաջնային է դառնում։

7.Բղջախոհություն

Երբ միտքն աղտոտվում է, այդ աղտոտվածությունը սկսում է փոխանցվել մարդու զգայարաններին, նաև՝ սրտին և մարմնին։ Արդեն խոսացածից ակնհայտ է այն որ ատելությունն է` աղտոտում և սպանում մեզ։

Արդեն պարզ է որ այս մեղքերը շատ ծանր վիճակի հասցրին մեր հասարակությանը` դա արեցին ատելություն ստեցծելով։ Եվ սիրելով, հարգելով և հանդուրժելով միմյանց մենք միայն կկարողանաք հաղթահարել ատելությունը և հետևաբար նաև կկարողանանք դուրս հանել այս բոլոր մեղքերը մեր հասարակության հիմնական մասից։ Հակառակ դեպքում ատելությունը կվերաճի……