July 2, 2020

ՀՀ հողային ռեսուրսների պահպանումը

Նախաբան

Հողը բնական գոյացություն է, երկրակեղևի բերրիությամբ օժտված շերտ, որը ձևավորվել է երկրակեղևի մակերեսային վերափոխման՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության հետևանքով: Հողը, ի տարբերություն մյուս բոլոր արտադրամիջոցների, ճիշտ օգտագործելու դեպքում ոչ միայն չի սպառվում, այլ նաև ընդհակառակը՝ անընդհատ բարելավվում է, բարձրացնում բերրիությունը: Բնական պայմաններում 1 սմ հաստությամբ բերրի հողի շերտը ձևավորվում է 125-140 տարվա ընթացքում:

Հողային ռեսուրսներ հասկացությունը լայն իմաստով ձևակերպվում է հետևյալ կերպ. «դրանք այն հողերն են, որոնք որևէ կերպ կարող են օգտագործվել գյուղատնտեսության մեջ»: Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները:

Միաժամանակ բարձրացել է դրանց օգտագործման ինտենսիվությունը: Հողօգտագործման էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:

Սա հողօգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է: Ընդհանրապես երկրագնդի ցամաքի 90%-ը ծածկված է հողով, սակայն այս հողերի մի մասն ուղղակի պիտանի չէ գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ եղած հողերի միայն 65% են պիտանի գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար: Սակայն այս ցուցանիշը շատ ընդհանրական է, աշխարհում առանձնանում են հողային ռեսուրսներով հարուստ և աղքատ երկրներ: Հայաստանը պատկանում է հողային ռեսուրսներով աղքատ երկրների շարքին:

ՀՀ հողային ռեսուրսների համառոտ նկարագիրը

Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը (այսինքն՝ տարածքը) կազմում է 2974.3 հատ հեկտար: Ընդ որում՝ գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%-ը: Քանի որ հայկական լեռնաշխարհը, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը, տիպիկ լեռանային երկիր է, ունի խիստ կտրտված մակերևույթ, տարածքի զգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: Ներկայումս հանրապետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար, որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները: ՀՀ-ում առանձնացվում է հողերի հետևյալ գոտիները՝ կիսանապատային, չոր տափաստանային, տափաստանային, անտառային, լեռնամարգագետնային: Յուրաքանչյուր գոտում, կապված դրա տարբեր հատկություններից, ձևավորվում է յուրօրինակ հողատիպ:

Ընդհանուր հողային մակերեսը և գյուղատնտեսական նշանակության հողերն ըստ տեսակների

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն, տարեգիրք 2017թ.

Կիսանապատային գոտին իր հողատիպերով տարածված է ՀՀ 850-1250մ բացարձակ բարձրություններում: Այս տիպ հողերի ավելի քան 95%-ը գտնվում է Արարատի և Արմավիրի մարզերում, որոնք հանդիսանում են ՀՀ գյուղատնտեսական ամենահզոր մարզերը:

Մարդածին ներգործության և տարածքի բնական պայմանների (լանջերի թեքություն) փոփոխության հետ կապված մեծանում է հողերի էրոզացվածության աստիճանը: Այստեղ հողերը համարվում են 45-70%, տեղ-տեղ 70%-ից ավելի էրոզացված:

Տափաստանայինգոտին տարածված է ՀՀ 1300-2450մ բացարձակ բարձրություններում: Այս տարածքներն օգտագործվում են որպես արոտավայրեր և վարելահողեր: Այս գոտում հողերը համարվում են միջին և ուժեղ էրոզացված:

Անտառայինգոտին տարածված է ՀՀ 400-2400մ բացարձակ բարձրություններում: Գոտին գյուղատնտեսականնպատակներով օգտագործվում է որպես արոտավայր և խոտհարք: Այստեղ էրոզացվածությունը բարձր է՝ 45% և ավելի:

Լեռնամարգագետնային գոտին տարածված է ՀՀ 1900-3500մ բացարձակ բարձրություններում: Այս գոտու հողերն օգտագործվում են որպես արոտավայրեր և խոտհարքներ: Գոտու հողերի էրոզացվածությունը հասնում է 15-20%, տեղ-տեղ 45% և ավելի, որը հիմնականում կապված է լանջերի մեծ թեքությունների հետ:

Հողային ռեսուրսների պահպանումը

Հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները:

Էրոզիայի դեմ արդյունավետ կարելի է պայքարել հողապաշտպան միջոցառումների համալիր կիրառության դեպքում: Հողի էրոզիայի դեմ պայքարելու գործում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական արտադրության ճիշտ կազմակերպումն ու գյուղատնտեսական մշակաբույսերի տեղաբաշխումն ըստ տնտեսության դիրքադրության:

  • Առանձնակի նշանակություն ունի ցանքաշրջանառության կիրառումը, հատկապես էրոզարցված կամ էրոզավտանգ հողերում: Այդ հողերում մաքուր ցելերը պետք է փոխարինվեն զբաղված ցելերով, զգալի մասը պետք է զբաղեցնեն բազմամյա խոտաբույսերը: Նմանատիպ տարածքներում հարկավոր է բացառել շարահերկ կուլտուրաների մշակությունը:
  • Թեք լանջերում գտնվող հողերում հողի մշակության և ցանքի աշխատանքները պետք է տարվեն լանջի թեքությանն ուղղահայաց:
  • Պայքարի արդյուանվետ միջոցառում է վարի ակոսավորումն ու թմբավորումը:
  • Ջրի և քամու էրոզիայի դեմ պայքարելու համար արդյունավետ են ցանքի խաչաձև և նեղշար եղանակները: Այս դեպքում բույսերն ավելի համաչափ են ծածկում հողը:
  • Լեռնային շրջաններում էրոզիայի դեմ պայքարելու գործում իրենց դերն ունեն միջանկյալ ցանքերը:
  • Աշնանացանից հետո ցանված միջանկյալ ցանքերի շնորհիվ հողի մակերեսը արագ ծածկում է բուսականությամբ և արագ զարգացող արմատային համակարգը կրճատում է հողատարումը: Միջանկյալ ցանքերը կարելի է օգտագործել նաև որպես սիդենանտ՝ հարստացնելով հողն օրգանական նյութերով:
  • Պայքարի կարևոր միջոցառում է ձյան պահպանումը և ձնհալի կարգավորումը:
  • Վարելահողերը էրոզիայից պաշտպանելու համար կարևոր է օրգանական և հանքային պարարտանյութերով հողի ճիշտ պարարտացումը:
  • Շատ կարևոր է ճիշտ կատարվող ոռոգումը:

Ակոսներով ոռոգման ժամանակ անհրաժեշտ է ակոսների թեքությունն ու երկարությունը ճիշտ զուգակցել ջրի ծախսի հետ: Որքան թույլ է տալիս ոռոգվող հողակտորի դիրքը և հարթեցվածությունը, ակոսները պետք է տանել հնարավոր փոքր թեքությամբ:

  • Թեք լանջերում մշակության ժամանակ խիստ կարևոր միջոցառում է դարավանդավորումը:
  • Խիստ թեք լանջերի էրոզիայի ենթարկված հողերի բուսապատումը հնարավորություն է տալիս վերականգնել քայքայված բուսածածկը, բարելավել հողի ստրուկտուրան, վերականգնել հողի կնձիկայնությունը և կանխել հողատարումը:
  • Ջրային և քամու էրոզիայից հողերի պաշտպանման ամենաարդյունավետ միջոցառումներից մեկը հողապաշտպան, հողմակարգավորիչ, ջրակարգավորիչ անտառաշերտերի և համատարած անտառային ու անտառապտղային տնկարկների ստեղծումն է:

Պայքարելով էրոզիայի դեմ, առաջին հերթին երկարացնում են հողի կյանքը, պահպանում հողի վերին բերրի շերտը և ստրուկտուրան, որն էլ իր հերթին նպաստում է բերքատվության բարձրացմանը:

Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առաջանում են նաև հետևյալ առավել կարևորները.

  • Առաջավոր ագրոտեխնիկան
  • Հողաբարելավում
  • Հողերի վերականգնում
  • Պայքար հողերի աղտոտման դեմ

Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ:

Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրենից ներկայացնում հողաբարելավումը՝ հողերի մելորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների հիմնական նպատակն ու արդյունքը նույնն է՝ հողային շերտի պահպանություն և բերրիության բարձրացում:

Հողերի մելորացիայի տեսակները բազմազան են՝ մինչև 30 տեսակ: Դրանցից մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն: Հատկապես աչքի է ընկնում ագրոանտառամելիորացիան, երբ ստեղծվում են դաշտապաշտպան անտառաշերտեր, կատարվում է զառիթափ լանջերի, ձորակներ և ավազուտների անտառապատում:

Ագրոանտառամելիորացիան լավ արդյունք է տալիս հատկապես տափաստանային և անտառատափաստանային գոտիներում:

Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա): Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն ուղղված է մարդու կողմից խախտված հողերի վերականգնմանը: Հողաշերտը շատ խախտվում է բաց հանքերի շահագործման և լայնածավալ շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի ռեկուլտիվացիա:

Հողերի ռեկուլտիվացիան բաղկացած է երկու փուլից՝ տեխնիկական և կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում կատարվում է տարածքի հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա այլ վայրերից բերվող կամ էլ նախկինում, շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ հավաքված ու տեղում կուտակված բերրի հողն է: Կենսաբանական փուլում կատարվում է քարերի հավաքում, հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում: Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ, բույսերի մշակում և խոտացանություն:

Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռացիոնալ միջոցներից են արհեստական ոռոգումը, գերխոնավ հողերի ցամաքեցումը, աղակալված հողերի լվացումը (քիմիական մելորացիա), հողերի մաքրումը քարերից, ծառերի ու թփուտների կոճղերից:

Հողային ռեսուրսների պահպանության հեռանկարները Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում մշակովի հողատարածքների սակավության պատճառով յուրացվում են նաև մեծ թեքության լանջեր, կտրտված ռելիեֆով, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա հողամասեր, որի հետևանքով ուժեղանում է հողերի դեգրադացիան և ինտենսիվանում են սողանքային երևույթները: Արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, ճանապարհների բացակայությունը՝ կապված վաղ գարնանն անասուններին լեռնային արոտները բարձրացնելու հետ, բարելավման միջոցառումների գրեթե բացակայությունը, անսիստեմ արածեցումը բերում է լանջերի խիստ թեքության պայմաններում բուսածածկույթի նվազմանը և հողերի աստիճանաբար քայքայմանը:

Տարբեր պատճառներով դեգրադացված հողերը հեշտությամբ են կորցնում վերականգնման հատկությունը, որն առաջացնում է կենսաբանական և տնտեսական արտադրողականության անկում և կորուստ:

Հողերի դեգրադացիայի դեմ պայքարելու հարցը Հայաստանում համարվում է առաջնակարգ խնդիր: Այն միշտ հիմքերի վրա դնելու համար ավելի արդյունավետ է դեգրադացիայի առաջացման կանխումը, քան պայքարել դրա հետևանքների դեմ, որն ավելի դժվար է ու պակաս արդյունավետ:

Վերը նշված խնդիրներից բացի, հարկ է անդրադառնալ նաև հողերի սեփականաշնորհման արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերիմասնատվածությանը, որը մեծապես խոչընդոտում է այդ հողերի՝ որպես արտադրական գործոն կայացմանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետության առանձին տարածաշրջաններում 1 տնատիրությանը բաժին հասնող հողատեսքերը տրոհված են 5-ից ավել հողամասերի միջև: Բացի այդ, առանձին տարածաշրջաններում մեկ տնտեսության հասանելիք հողաբաժնի ընդհանուր չափը չի գերազանցում 1 հեկտարը, որը նույնպես խոչընդոտում է արդյունավետ գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը: Կարգավորման կարիք ունի նաև ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի հատկապես անօգտագործելի հողերի պահպանությունը:

Հայաստամում հողերի վիճակի համակարգված, նպատակային լիարժեք մոնիտորինգ չի իրականացվել և ներկայումս էլ գրեթե չի իրականացվում: Այն կրում է էպիզոդիկ բնույթ, կատարվում է տարբեր կազմակերպությունների կողմից և բացակայում է ցուցանիշների հավաքագրման և վերլուծության համակարգումը:

Առկա հիմնախնդիրներով պայմանավորված, հողային ռեսուրսների կառավարման ոլորտում որպես ուղղություններ են դիտարկվում՝

  • Օրենսդրության ոլորտում՝ հողային ռեսուրսների կառավարման համակարգում սահմանել հողերի ըստ նպատակային նշանակության օգտագործման նկատմամբ սահմանափակումները և իրավական ռեժիմը՝ բարելավելով հողային ֆոնդի հաշվառման համակարգը և ներդնելով հողօգտագործումը և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հողաշինարարական և քաղաքաշինական փաստաթղթերում հողերի գոտևորման նոր համակարգ,
  • Ուժեղացնել հողերի օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողությունը (համայնք, մարզ, հանրապետություն) իրականացնելով հանրապետական, մարզային, համայնքային ծրագրեր ուղղված հողերի օգտագործմանը և պահպանությանը,
  • Հողերի պահպանության ոլորտում հողերի դեգրադացիայի նվազեցումը և կանխարգելումը, այդ նպատակով հակաէռոզիոն, հակասողանքային և մելիորատիվ միջոցառումների կազմակերպումը, խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիա) միջոցառումների իրականացումը, սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման (խոշորացման) սկզբունքների սահմանումը,
  • Տեղեկատվության ոլորտում՝ արդիական տեխնոլոգիաների վրա հիմնված երկրատեղեկատվական համակարգերի (ԵՏՀ) ստեղծումը՝ մոնիտորինգի չափորոշիչների կիրառումով,
  • Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաշխումը սահմանակից համայնքների միջև, լիազրությունների փոխանցումը համայնքներին (բացառելով դրանց մասնավորեցումը) ապահովելով հողերի դեգրադացիայի կանխարգելումը և կենսաբազմազանության պահպանությունը:

Հողի որակի և կառավարման բարելավում

Հողը համարվում է հիմնական միջոց գյուղատնտեսական մթերքների արտադրության համար: Հողը մշտական ռեսուրս է, որի համապատասխան խնամքի դեպքում այն կարող է ծառայել հնարավորինս երկար: Այսօր ՀՀ հողային ռեսուրսների առջև ծառացել է մի ամբողջ հիմնախնդիրներ, որոնց լուծումները պետք է կատարվի համաձայնեցված մեկը մյուսի հետ՝ համալիր կերպով մշակված, համակարգված քաղաքականությամբ: Իհարկե, հիմնախնդիրների լուծումը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ, կազմակերպչական մեծ ջիղ և համապատասխան մթնոլորտի ստեղծում մարդկանց գիտակցության մեջ: Այսպիսով, գոյություն ունեն խնդիրներ և լուծման ուղիներ:

Հողօգտագործման վիճակի բարելավման և հողային ռեսուրսների պահպանման համար կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության պլանավորման և կառավարման կատարելագործումը: Մինչդեռ գյուղատնտեսության պլանավորման համակարգում դեռևս լայնորեն չեն արտացոլվում այն պրոբլեմները, որոնք կապված են շրջապատող միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հետ: Ակնհայտ է դարձել համապատասխան պլանային ցուցանիշների մշակման անհրաժեշտությունը, ցուցանիշներ, որոնք կարտացոլեն հողային, ջրային ռեսուրսների պահպանության ծախսերը և դրանց արդյունավետությունը, իսկ վերջին հաշվով, կխթանեն գյուղատնտեսական ձեռնարկությունների գործունեությունը: Անհրաժեշտ է պլանավորել ոչ միայն բնապահպանական միջոցառումների համար հատկացվող ծախսումները, այլև դրանցից ստացվող արդյունքները: Օրինակ, չի հաշվարկվում, թե արմատական ու մակերեսային բարելավումից հետո որքանով է բարձրանում խոտհարքների ու արոտավայրերի բերքատվությունը կամ անտառաշերտեր հիմնելուց հետո որքանով է կախվում էրոզիան և որքան է կազմում կանխվող վնասի մեծությունը: Սպասվող արդյունքների մասին տվյալներ չկան նաև հակաէրոզիոն նախագծերում: Չի հաշվարկվում բնապահպանական ծախսումների տնտեսական արդյունավետությունը:

Հողային ռեսուրսների պահպանության համար անհրաժեշտ է գյուղատնտեսությանը հատկացվող կապիտալ ներդրումների կառուցվածքի հետագա կատարելագործում՝ հանրապետությունում մելիորատիվ միջոցառումների մեջ տարբեր աշխատանքների ճիշտ հարաբերակցություն սահմանելու ուղղությամբ: Հանրապետության բնական պոտենցիալի պահպանության խնդիրների լուծման կարևորությունից ելնելով, անհրաժեշտ է առավել ռացիոնալ, գիտականորեն հիմնավորված օգտագործել հողային ռեսուրսները՝ արտադրական գործունեության ընթացքում հաշվի առնելով նաև հողօգտագործումը բնութագրող էկոլոգիական գործոնի նշանակությունը:

Իրավիճակը բարելավելու հաջորդ տարբերակը կլինի նաև այն, որ պարարտանյութերի ներկրման դժվարություններն օգտագործվեն ի նպաստ օրգանական կամ կենսաօրգանական ուղղվածությամբ գյուղատնտեսության զարգացմանը, երբ անօրգանական բնույթի սննդատարրերը փոխարինվում են տարբեր եղանակներով վերամշակված գոմաղբում և այլ թափոններում (կենսահումուս, մեթանային խմորման կոնվերտ, կոմպոստ) առկա բաղադրիչներով: Այս դեպքում հողը ոչ միայն հարստանում է անհրաժեշտ սննդատարրերով, այլ նաև հումուսի առաջացման համար անհրաժեշտ բակտերիալ կազմով: Այդպիսով, հողերում աճող բույսերը գրեթե կարիք չունեն քիմիկատների միջամտության, իսկ աճեցրած բերքը որակվում է որպես էկոլոգիապես մաքուր և հեշտությամբ գտնում է իր տեղը շուկայում: Վերջին 10 տարիների ընթացքում մասնակի հաջողությամբ փորձեր են արվել հանրապետությունում տարածել կենսահումուսի կուլտուրան: Առաջին քայլերն են արվում գյուղատնտեսության թափոններն (գոմաղբ, բուսական մնացորդներ) օգտագործել կենսագազ և բարձրարժեք կենսաօրգանական պարարտանյութ ստանալու ուղղությամբ: Կենդանիների գլխաքանակը երկրում այնպիսին է, որ ոչ միայն կապահովի բոլոր գյուղատնտեսական հողերն արժեքավոր կենսապարարտանյութով, այլև թույլ կտա արտահանել դրանից ստացված խտացված պատրաստուկներ:

Հայաստանն ունի ևս մի բնական ռեսուրս, որը հողի որակը բարելավող հիանալի կոմպոնենտ է: Խոսքը երկրի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում հայտնաբերված ցեոլիտների մեծ պաշարների մասին է: Դրանք բարելավում են հողի գազափոխանակությունը և ապահովում սննդանյութերի մուտքը բույսի մեջ փոքրիկ չափաբաժիններով, ինչը չի հանգեցնում սննդատարրեի կուտակմանը բույսում և դրանով նպաստում է բույսի աճի և արտադրողականության բարձրացմանը:

Հասկանալի է, որ մեկ հեկտարից էլ պակաս հողակտորների վրա գյուղատնտեսություն զարգանալ չի կարող և 336 000 գյուղացիական տնտեսությունը մեր ունեցած բնական ռեսուրսների համար՝ շատ մեծ թիվ է: Դրա փոքրացմանը կնպաստի ինչպես կոոպերացիան, այնպես էլ հողի շուկայի ակտիվացումը: Կոոպերացիայի նկատմամբ բացասական նախատրամադրվածությունը հաղթահարելու համար ճկուն պետական քաղաքականություն պետք է մշակել՝ գուցեև վկայակոչելով կոմունիստական գաղափարներից շատ հեռու, բայց սոցիալական արժեքները շատ բարձր գնահատող կոմս Կրոպոտկինին ու լեդի Բալֆուրին և կոոպերացիայի նոր, իրավաբանական տեսակներից պարզ և հուսալի ձևեր առաջարկել գյուղացուն՝ հաշվի առնելով մարդկության փորձն այդ բնագավառում հին Եգիպտոսից և Միջագետքից մինչև ներկա ժամանակների իտալական գյուղատնտեսական կոոպերատիվները: Ինչ վերաբերում է հողի շուկայի ակտիվացմանը, դա, անշուշտ, պետք է դիտարկվի որպես բազմապլանային միջոցառում: Անհրաժեշտ է ստեղծել հուսալի գործող հիպոթեկային համակարգ, և վերը նշված սոցիալական լարվածությունից խուսափելու համար մշակել հատուկ պետական ծրագիր:

Այն կարող է հիմնված լինել հետևյալ դիտարկումների վրա. ամեն մի հայ գյուղացի չէ, որ իրեն ֆերմեր է տեսնում, բայց ինչպես ցույց են տվել տարիների ընթացքում կատարված մեր հարցումները և զրույցները, գյուղացիների մեծ մասը, անգամ սեփականաշնորհված հողի վաճառքի դեպքում, չի պատրաստվում վաճառել տունը՝ տնամերձի հետ միասին, որոնք սկսում նե ծառայել որպես ամառանոց և ամառանոցային տնտեսություն: Չունենալով համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ քաղաքաբնակ ամառանոցատերերը իրենց ընտանիքներին ապահովում են թարմ և պահածոյացված մրգով և բանջարեղենով:

Միջինը 0.1 հա կազմող տնամերձը՝ հատկապես պետական հովանավորչությամբ Ջոն Ջիվոնսի մոտեցումների պրոպագանդումով ու կիրառումով, ոչ միայն թարմ մրգով և բանջարեղենով կարող է ապահովել գյուղաբնակ ոչ ֆերմերի ընտանիքը, այլև դուրս գալ շուկա՝ արտադրանքի ավելցուկով: