May 2, 2020

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության առանձնահատկությունները

Բնակչությանը պարենամթերքով ապահովման խնդիրը պահանջում է իրականացնել մեծածավալ միջոցառումներ և ծրագրեր: Անկախ իր զարգացվածությունից գյուղատնտեսությունը եղել և մնալու է տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Գյուղատնտեսական արտադրության զարգացման նպատակն է բավարարել գյուղատնտեսական մթերքների նկատմամբ բնակչության և գյուղատնտեսական հումքի բազայի վրա աշխատող արդյունաբերական ձեռնարկությունների աճող պահանջմունքները: Գյուղատնտեսության մեջ գործում են նույն տնտեսական օրենքները, ինչ` տնտեսության մյուս ճյուղերում: Տնտեսության այս ճյուղի առանձնահատկություններն են.

1. Արտադրության գլխավոր միջոցը հողն է, ինչն արտադրության այլ միջոցների հետ համեմատ չի մաշվում, իսկ ճիշտ օգտագործման դեպքում բարելավվում է իր որակական հատկանիշները:

2. Որպես արտադրության միջոցներ գյուղատնտեսության մեջ հանդես են գալիս կենդանի օրգանիզմները, ինչպիսիք են կենդանիներն ու բույսերը:

3. Արտադրվող ապրանքը մասնակցում է արտադրության հետագա գործընթացին: Գյուղատնտեսության մեջ, որպես արտադրության միջոցներ օգտագործվում են սերմեր, անասնակեր, ինչպես նաև անասնագլխաքանակի մեծ մասը` հողի վերականգնման և հողատարածքի մակերեսի մեծացման համար: Այս բոլորը պահանջում է լրացուցիչ նյութական ռեսուրսներ, արտադրական նշանակալի շինություններ և օբյեկտներ:

4. Գյուղատնտեսության մեջ աշխատանքային ժամանակաշրջանը համընկնում է ապրանքի արտադրության ժամանակաշրջանի հետ: Գյուղատնտեսությունում արտադրության ժամանակաշրջանը ընդգրկում է այն ժամանակամիջոցները, երբ գործընթացը իրականացվում է մարդու ազդեցության ներքո (վար, բերքահավաք և այլն) և երբ այն իրականացվում է անմիջապես բնական գործոնների ներքո (աճ, հասունացում և այլն): Արտադրության և աշխատանքային ժամանակամիջոցների համապատասխանությունը պայմանավորում է գյուղատնտեսական արտադրության սեզոնայնությունը: Վերջինս նշանակալի ազդեցություն է թողնում արտադրության կազմակերպման, տեխնիկայի, աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, և վերջին հաշվով նաև` ընդհանուր առմամաբ տնտեսության արդյունավետության վրա:

5. Աշխատանքի բաժանումը գյուղատնտեսության մեջ իրականացվում է այլ կերպ` հողային, աշխատանքային և նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակներում ձգտում են հասնել բուսաբուծության և անասնապահության ճյուղերի օպտիմալ համադրության և զարգացման:

6.Կախված այն հանգամանքից, որ գյուղատնտեսության մեջ, որպես կանոն, տեղաշարժվում են արտադրության միջոցները, իսկ աշխատանքի առարկան մնում է մեկ վայրում, ուստի գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման բնույթը նշանակալիորեն տարբերվում է այլ ոլորտների հետ համեմատ: Էներգետիկ ռեսուրսների պահանջարկը այստեղ ավելի մեծ է, ընդ որում գյուղատնտեսության աշխարհագրական բաշխումը և արտադրության սեզոնային բնույթը ավելացնում է տեխնիկային և արտադրության միջոցների պահանջարկը:

Գյուղատնտեսության նշված առանձնահատկությունները պահանջում են համապատասխան վերլուծություններ ոլորտի նյութատեխնիկական բազային ձևավորման, արտադրության կազմակերպման ու կառավարման, արտադրական ռեսուրսների օգտագործման տնտեսական արդյունավետության որոշման համար սահմանելով տնտեսության այս ճյուղի զարգացման ուղղությունները: Գյուղատնտեսական արտադրության ծավալների ավելացումը հնարավոր է իրականացնել նյութական և ֆինանսական լրացուցիչ միջոցների նպատակային ներդրմամբ ընդլայնելով երկրի (շրջանի) գյուղատնտեսության արտադրական պոտենցիալը: Գյուղատնտեսության մեջ ներդրումները իրենցից ներկայացնում են տնտեսական գործունեության (գյուղատնտեսության վարման) իրականացման գործընթացում հիմնական և շրջանառու միջոցների ձեքբերման երկարաժամկետ ներդրումներ: Հետևաբար, ներդրումները ոչ միայն հիմնական միջոցների ընդլայնում է, այլ նաև գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների ձևավորման և համալրման ծախսեր են: Երկարաժամկետ ներդրումները գյուղատնտեսության մեջ արդարացված են, եթե դրանք նպաստում են եկամտի սոցիալական էֆեկտի ստացմանը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր անհրաժեշտ է.

1. բարձրացնել գյուղատնտեսական արտադրության կայունության մակարդակը,

2. ինտենսիվացնել գյուղատնտեսական արտադրությունը և մեքենայացնել արտադրական գործընթացը,

3. ընդլայնել հողաբարելավման մասշտաբները,

4. կատարելագործել արտադրության կազմակերպման և կառավարման ձևերը,

5. խոշորացնել արտադրության մասնագիտացման և համակենտրոնացման աստիճանը,

6. բարելավել գյուղատնտեսական առանձին մթերքների արտադրության տեղաբաշխվածոթյունը,

7. միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական արտադրության արդյունավետության հետագա բարձրացման, գյուղատնտեսական հիմնական արտադրամիջոցի` հողի, գյուղատնտեսական տեխնիկայի և աշխատանքի արդյունավետ օգտագործման համար: