May 9, 2020

ՊԲ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին. ՊԲ հրամանատար

Արցախի պաշտպանության բանակը, այսօր էլ շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին:

«Մայիսի 9-ը առանձնահատուկ տեղ է գրավում մեր պետական տոնացույցում: Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրը խորհրդանշում է պատմական առումով բեկումնային իրադարձություններ և հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջը համախմբված սերունդների ամուր միասնություն: 75 տարի առաջ ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան նաև հայ զինվորի, հայի ռազմական տաղանդի, հայկական զենքի հաղթանակն էր: Պատերազմի առաջին իսկ րոպեներից խիզախորեն պայքարելով նախահարձակ գերմանական զորքերի դեմ՝ խորհրդային բանակի հայազգի մարտիկներն ու զորավարները Բրեստի ամրոցում և Ստալինգրադում, Օդերի ափերին և Ռայխսթագի մատույցներում պաշտպանում էին նաև իրենց փոքրիկ հայրենիքը` Հայաստանը: Իր ծավալներով աննախադեպ այդ պատերազմի ընթացքում հայ մարտիկներն աչքի են ընկել անօրինակ հերոսություններով, հայազգի զորավարները մշակել և իրականացրել են փառահեղ ռազմագործողություններ, իսկ հայ գիտական միտքը խորհրդային բանակին տվել է նոր և հզոր զինատեսակներ»,-ասել է Հարությունյանը: